«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին ես կտամ հետևյալ բնորոշումը, որ դա «աղքատների բանակ» է տալիս, այսինքն, ովքեր որ չունեն այդ գումարը, պետք է գնան սուսուփուս ծառայեն։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հարուստները կամ ֆինանսապես բարվոք վիճակում գտնվողները կարող են չծառայել, անցնել քառամյսա կամ վեցամյսա ուսումնական վարժանքները և ազատվել բանակից:
«Սրանով չենք լուծում պրոֆեսիոնալ բանակի խնդիրը, ավելին՝ սրանով ավելի ենք բարդացնում իրավիճակը, սրում սոցիալական անհավասարությունը։ Սա շատ վտանգավոր է»,- նշեց ռազմական փորձագետը։ Նրա դիտարկմամբ՝ գործ ենք ունենալու կյանքը «վճարովի» փրկելու պրակտիկայի հետ։
Ենթադրենք՝ պատերազմ է սկսվել: Մեկը կարող է 50 000 ԱՄՆ դոլար տալ և փրկել կյանքը, իսկ նա, ով չունի այդքան գումար, պետք է զոհվի:
Նախագիծն, ըստ Հովհաննիսյանի, պրոֆեսիոնալ բանակի անցնելու հետ ոչ մի աղերս չունի։ «Սա պրոֆեսիոնալ բանակ չէ։ Պրոֆեսիոնալ բանակը բոլորիովին այլ բան է։ Մենք կարող ենք ունենալ շատ սահմանափակ թվով անձնակազմ, բայց այն լինի պրոֆեսիոնալ։ Այսինքն՝ այդ անձնակազմի վրա տարվող աշխատանքները լինեն ամենաբարձր մակարդակի՝ սկսած լեզուների տիրապետումից մինչև զենքի վարժ տիրապետում պետք է լինի պրոֆեսիոնալ»,- նշեց նա՝ հավելելով, որ սովորոբար վճարովի բանակներն են համարվում պրոֆեսիոնալ, սակայն ոչ այն ձևով, ինչպես Հայաստանում է կազմակերպվում։ Իսկ պրոֆեսիոնալիզմը չպետք է կապել միայն թվակազմի հետ:
Հարցին, այնուհանդերձ, որքան ժամանակ հարկավոր կլինի, որ համակարգը փոխվի, փորձագետը նշեց, որ շատ կարճ ժամանակ է հարկավոր։
«Մենք կարող ենք 1 տարվա ընթացքում ունենալ իսկապես պրոֆեսիոնալ բանակ, այսինքն՝ ռազմական առումով կիրթ ժամկետային զինծառայողներ և սերժանտներ և մոտ 5 տարվա ընթացում ունենալ շատ կիրթ սպայակազմ»,- նշեց նա։
Սակայն, ըստ փորձագետի, ամբողջ հարցն այն է, որ դրան հասնելու գրավչությունն այսօր չկա։
«Ցավոք սրտի, սպաներ են դառում նրանք, ովքեր սոցիալապես անապահով են։ Այսինքն, ովքեր այլ ճանապարհ չունեն՝ գնում և դառնում են սպաներ։ Մինչդեռ մենք պետք է սպայական գործը դարձնենք այնքան գրավիչ, որ Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանը դառնա այնքան մրցունակ, ինչպես ԵՊՀ-ի ամենամրցունակ ֆակուլտետներն են»,-նշեց Հովհաննիսյանը։
Նախագծի ներդրման հետ կապված ռազմական փորձագետը նշեց, որ դավադրության տեսության կողմնակից չէ, այսինքն՝ «դրսի ուժերն այստեղ գործ չունեն»։ «Սա ավելի շատ խոսում է այն մասին, որ փորձում են որևէ գործ անել, բայց «հոնքը շինելու փոխարեն աչքն են հանում»,- նկատեց Հովհաննիսյանը՝ կանխատեսելով, որ այս նախագիծն արժանանալու է շատ կոշտ ընդդիմախոսության, ու եթե կյանքի էլ կոչվի, շատ կարճ կյանք է ունենալու։
Փարձագետն իր անհամաձայնությունը հայտնեց նաև միջազգային հաջող փորձի վկայակոչման առումով։
«Միջազգային փորձը, որպես այդպիսին, չի կարելի կիրառել, որովհետև ամեն մի երկիր ունի իր մշակույթը, ազգային խնդիրները և չի կարելի նույն հարթության մեջ դնել ու ասել՝ միջազգային փորձը հաջողված է։ Մեկ պետության փորձը կարող է մեկում հաջողության հասնել, բայց մյուսում՝ կիրառելի չլինել։ Այն պետությունները, որ այս փորձը կիրառել են, եղել են երկարատև խաղաղության մեջ, այսինքն՝ վերջին անգամ դրանք պատերազմ տեսել են 1945 թ.-ին։ Այդ երկրներում շատ բարձր մակարդակի վրա է դրված ռազմական-մասնագիտական գործունեությունը, իսկ մեզ մոտ դեռևս խնդիր է պաշտպանական գործունեությունը, ուղիղ պաշտպանությունը: Մենք թվակազմի խնդիր ունենք, չի կարելի միջազգային փորձը վկայակոչելով՝ կիրառել»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատել նրանց, ովքեր ՀՀ պետբյուջե կվճարեն 24 մլն դրամ: Նախագծով առաջարկվում է շարքային կազմի զինծառայողին, պատրաստության ուսումնական փուլը լրանալուց հետո և անհրաժեշտ գումարը վճարելու պայմանով, պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակվելու հնարավորություն տալ:
Արաքսյա Սնխչյան