Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը 49 է, տվյալների լիարժեք ճշտումներից հետո ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություններ կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին: Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում ևս վիրավորհներ կան: ՀՀ ՊՆ-ն մանրամասն ուսումնասիրում է Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողնրի հետ: Դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ»-հավելեց ՊՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, և տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: