Այս պահի դրությամբ սահմանային իրադրության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել և այն ստատուս-քվոն, որը որ հաստատվել էր հրադադարի պահին, այս պահին մնում է անփոփոխ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Հարցին, թե ինչ միջոցներ են ձեռք առնվում ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական ուժերին չեզոքացնելու համար, Աղաջանյանը նշեց. «Մենք պետք է գիտակցենք, որ ներկա փխրուն պայմաններում հայկական կողմի ցանկացած էսկալացիան կարող է հրահրել նոր լայնածավալ ռազմական գործողություններ, որին Հայաստանը չի ձգտում։ Այն խումբը, որը ՀՀ տարածքում է, ապօրինի է գործում, որը պետք է որևէ կերպ վերացվի»,-նշեց Աղաջանյանը։
Աղաջանյանի պնդմամբ՝ ադրբեջանական նոր հարձակման հավանականությունը հրադադարի պահից սկսած պահպանվում է։ «Կառավարությունը մեր ամբողջ էներգիան և ռեսուրսները ուղղում է քաղաքական և դիվանագիտական ուղղությամբ այս հարցի լուծմանը», – ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: