Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ նշելով, որ թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Նա նշել է, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։
Ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ստացել է ահազանգ, որ թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։
«Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ»,- նշել էր նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: