Հայկական կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, սր սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ նշելով, որ թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: