Սեպտեմբերի 13-ին հակառակորդը մի քանի ուղղություններով էր հարձակվել հայկական դիրքերի ուղղությամբ: Մարտերը թեժ են եղել հատկապես ՀՀ արևելյան և հարավ-արևելյան թևերում: Թշնամու հատուկ նշանակության խմբերի գրոհը կասեցրել են ժամկետային և պայմանագրային զինծառայողները:
Օրեր առաջ նրանք իջել են դիրքերից ու պատմել մարտական գործողություններում ցուցաբերած արիության մասին:
«Մինչև սկսվելը մեր ծառայությունն էինք իրականացնում, հենց սկսվեց, անձնակազմը մտավ խրամատներ ու սկսվեց նաև հրետակոծությունը»,-պատմում է ժամկետային զինծառայող Ժորա Մելիքյանը:
Դիրքի ավագ Գրիշա Ծուղունյանն էլ նշում է՝ սկսել են ճնշել հակառակորդին ու թույլ չտալ, որ ներթափանցի մարտական դիրք. «Այդ ժամանակ սկսեցին աշխատել իրենց ԱԹՍ-ները՝ նաև մեր մարտական դիրքում: Բոլորս գործել ենք հանուն մեր հայրենիքի, մեր զոհված տղերքի ու մեր զինակից ընկերների»:
Առաջնագծի մարտիկները ներկայացրել են իրենց կատարած խնդիրները, նաև պատմել, թե ինչպես են դուրս շրջափակումից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Մանրամասները՝ «Զունուժի» տեսանյութում: