Հնդկաստանն այն երկրների թվում է, որտեղ զենք ենք փնտրում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրւոյցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով The Economic Times թերթում հրապարակված այն տեղեկությանը, ըստ որի՝ Հնդկաստանը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագիր է ստորագրել։
«Զենքի մատակարարումը բարդ գործընթաց է ենթադրում ու այնպես չէ, որ պայմանագիր կնքեցինք, վաղը պետք է բարձվի ու հասնի ՊՆ։ Մենք զենք ենք փնտրում բոլոր այն երկրներում, որտեղ տվյալ սպառազինությունն անհրաժեշտ է մեր պաշտպանական գերատեսչությանը։ Այդ երկրների թվում կարող է լինել նաև Հնդկաստանը և կա»,-ասաց նա։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսակցություններին, դրա հնարավորությանը, նա նշեց․ «Ես այդ քննարկումը ժամանակավրեպ եմ համարում։ ՀԱՊԿ-ն այնպիսին է, ինչպիսն որ կա։ Մեր երկրի սահմանները պաշտպանում է ՀՀ ԶՈւ-ն»։
Հիշեցնենք, որ այսօր The Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագիր է ստորագրել։ Պայմանագրերի արժեքը չէր նշվում, սակայն, ըստ աղբյուրի, սպասվում է, որ առաջիկա ամիսներին Հայաստան 244 մլն դոլարի զենք կմատակարարվի։