Շարքային Հրաչյա Քարամյանը, ում դին հայտնաբերվել էր սեպտեմբերի 30-ին մարտական դիրքերից մեկում, Արմավիրի մարզի Փշատավան գյուղից էր, NEWS.am-ին հայտնել է նրա հորեղբայրը՝ Ազատ Քարամյանը։
Նա պատմել է, որ Հրաչյան նախորդ տարվա ամռանն է զորակոչվել բանակ և ծառայել Վարդենիսում. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ ռազմական գործողություններին է մասնակցել։
«Երեք օր իրենից լուր չունեինք։ Տղաները բարձրացել էին դիրքեր, կապը կորել էր։ Հետո զանգեց, ասաց՝ ամեն ինչ լավ է, շուտով կիջնի դիրքերից։ Ինքը շատ բարի, հանգիստ, կշռադատված տղա էր։ Չեմ հասկանում՝ ինչ կարող էր պատահած լինել»,- ասել է Ազատ Քարամյանը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով: