Ադրբեջանն այս պահին հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում: Այս մասին հայտնեց Հայաստանում ՄԻԵԴ ներկայացուցչի տեղակալ Դիանա Քարազյանը այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ:
Նա ասաց, որ երեկ համացանցում տարածված գերիների գնդակահարման տեսանյութի առնչությամբ պատրաստվում է միջանկյալ միջոց կիրառելու հայց դեպի ՄԻԵԴ, աշխատանքներ են տարվում առավել մանրամասն տեղեկություններ ստանալու և ներառելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ ասուլիսի մյուս բանախոսը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հաղորդեց, որ ԿՄԽԿ-ն, լինելով չեզոք մարդասիրական կազմակերպություն, իրավասություն չունի հանրայնացնել գերիների քանակի մասին իր տեղեկությունը:
Սակայն, Ամատունու խոսքով՝ հնարավորություն են ունեցել սեպտեմբերի 23-ին պահման վայրով շրջել, տեսակցել ռազմագերիներին, կապն ընտանիքների հետ հաստատել: Ամատունին ասաց՝ այս գործողությունը շարունակական է:
Հարցին, թե ադրբեջանական կողմը հետևում է տեղեկատվական հոսքերին և արդյոք հենց արտգործնախարարների հանդիպումից առաջ ինչու տարածվեց այն, Քարազյանն ասաց, որ իրենց գրասենյակի իրավասություններից ելնելով miajn կարող է ասել, որ որոշակի տրամաբանություն դա իր մեջ պարունակում է:
Միևնույն ժամանակ Ամատունին հորդորեց այդ տեսանյութերը չտարածել:
«Չպե՛տք է տարածել գերիների մասին տեսանյութերը: Դա դժվարացնում է մեր աշխատանքը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է միջազգային օրենքին, ապա այն բանախոսնեի կարծիքով իհարկե անթերի չէ: Քարազյանը նշում է, որ հայկական օրինակով՝ արձանագրվել են աննախադեպ արագ արձագանքներ և որոշումներ ՄԻԵԴ-ից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ 17 հայ ռազմագերիների ազատ արձակելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը, նշել է Գրիգորյանը, նախաձեռնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Ավելի վաղ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է հայ գերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, հայտնել էր, Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչև սեպտեմբերի 13-ը պաշտոնապես 33 էր, իսկ վերջին ռազմական գործողություններից հետո ունենք շուրջ 20 նոր գերի։