Այն, ինչ Պաշտպանության նախարարությունը պատասխանել է անհետ կորած զինծառայողների՝ ՊՆ շենքի մոտ հավաքված հարազատներին, նրանք գիտեն դեռ սեպտեմբերի 15-ից: Այս մասին լրագրողներին ասացին հանդիպումից դուրս եկած հարազատները: Նրանք պատմեցին, որ նույն պատասխանը լսում են ամեն անգամ, դա արդեն իրենց համար նորություն չէ:
«Մենք գիտենք, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս մուտք գործել այն տարածք, որտեղ մեր որդիներն են, իսկ մենք այնքան թույլ ենք, որ պետք է ենթարկվենք նրանց»,- ասացին նրանք: Զինծառայողների հարազատները պատմում են, որ ՊՆ-ն սպասում է՝ թշնամին թույլտվություն տա:
«Իսկ դուք չգիտե՞ք, որ թշնամին թույլ չի տա, դուք մեր թշնամուն չեք ճանաչո՞ւմ»,- հակադարձում են նրանք: Ծնողները կարծում են, որ հատկապես այս կառույցից, ինչպիսին ՊՆ-ն է, լսել այսպիսի պարզաբանում, անիրական է: Այդ դեպքում, էլ ի՞նչ պաշտպանության բանակ:
Հիշեցնենք, որ ՊՆ-ի շենքի տարածում այսօր էլ հավաքվել էին անհետ կորած զինծառայողների հարազատները, նրանք պահանջում են կասկածվող վայրից դուրս բերել իրենց որդիների դիերը, սակայն նախարարությունից պատասխանում են, որ դա հնարավոր չէ իրականացնել առանց հակառակորդի ցանկության: Տվյալ տարածքներն այլև ՀՀ պատասխանատվության տիրույթում չեն:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 10 քառ. հանրապետության կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։