Պայմանագրային զինծառայողները կամավոր ատեստավորման համար հանձնելու վերաբերյալ բարեփոխման ընթացքը 3 տարի է, կառավարության համար այն 66 մլրդ դրամ է արժենալու: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով բարեփոխման նախագիծը:
Նա նշել է, որ գործընթացը ճկուն է լինելու, պայմանագրային զինծառայողին 2 անգամ ատեստավորման հնարավորություն է տրվելու:
«Ամբողջ բարեփոխման համար սահմանել ենք 3 տարի ժամկետ, որը Կառավարության համար կարժենա 66 միլիարդ դրամ հավելյալ աշխատավարձային ֆոնդ: Բնականաբար, Կառավարությունից ակնկալելու ենք միջինը տարեկան 20 միլիարդ դրամ, բայց եթե մեր զինծառայողներն ավելի վաղ կարողանան ատեստավորվել»,- ասաց Պապիկյանը:
Ավելի վաղ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար կառավարությունը հավելավճար էր սահմանել:
Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են մինչև 2026 թվականը ձևավորել պրոֆեսիոնալ բանակ, և Զինված ուժերի բարեփոխման հայեցակարգն արդեն պատրաստ է։ Ըստ Գրիգորյանի՝ պրոֆեսիոնալ բանակի անցնելը չի նշանակում զինծառայությունից իսպառ հրաժարում, այլ ենթադրում է դրա կրճատում, բանակի առավելագույն համալրում պրոֆեսիոնալ կադրերով։
Մանրամասները՝ տեսանյութում: