ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացնում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
Նախարարը նշեց, որ նախագծով առաջարվկում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն և շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանալով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայության ժամկետից շուտ արձակվելուց նրանց համար պատվովճար սահմանելու իրավունք»,- ասաց նա:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել հինգ միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է:
«Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման, և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը: Միաժամանակ՝ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելուց հետո, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը»,- ասաց նա:
Պաշտպանության նախարարը նշեց, որ ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին: Նա ասաց, որ այդ նպատակով սահմանվում են անցումային դրույթներ։
Հարակից զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյանի որակմամբ՝ նախագիծն աննախադեպ է, համարձակ, և նա համոզմունք հայտնեց, որ ակնկալվող արդյունքները կլինեն արագ և տեսանելի:
«Մենք երկար տարիներ խոսում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու երազանքի մասին, և քննարկումները երբեմն ցույց էին տալիս, որ դա հեռավոր ապագայի հարց է, և արդյոք պետությունն այդքան ռեսուրս ունի՞, թե՞ ոչ: Բայց վերջին մի քանի ամսում իրականացված գործուն բարեփոխումներն օրենսդրական ոլորտում ցույց են տալիս, որ դա ոչ թե հեռավոր ապագայի հարց է, այլ մոտ ապագայում տեսնելու ենք, և այս նախագիծն ամենակարևոր քայլերից մեկն է»,- ասաց նա և հավելեց, որ ուրախ կլինեին ընդդիմադիր գոծընկերներին ևս տեսնել այս նախագծի քննարկմանը:
Փորձագետ Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը նախ նկատեց, որ աշխարհում պայմանագրային զինծառայության մտնելու հարցում հաջողել են բացարձակապես այն պետությունները, որտեղ պետությունը կարողացել է տարբեր գրավչությունների, հրապուրանքի, կրթական սոցիալական և այլ միջոցներով հասնել նրան, որ մեծմամասնությունը պայմանագրային են դարձել 18-25 տարում:
«Ես համոզված եմ՝ ընդհանուր բարեփոխումների մեջ ծամկետային զինվորական ծառայողները վեց ամսից հետո ձգտելու են դառնալ պայմանագրային զինվորական ծառայող»,- ասաց նա:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
Ամփոփելով հարցի զեկուցումը՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ սա պետք է նայել մեկ ամբողջության, մեկ շղթայի մեջ, և հիմքը պրոֆեսիոնալ բանակն է:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ժամկետային զինծառայությունը դառնա սկիզբ՝ պայմանագրային զինծառայությունն ապահովելու և արդյունքում պրոֆեսիոնալ բանակ ունենալու գործընթացում: Սա կշարունակենք սերժանտական պրոֆեսիոնալ կազմի ինստիուտի ներմուծմամբ, շուտով կունենանք այդպիսի համակարգ, պայմանագրային զինծառայողներն աճելու հնարավորություն կունենան»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ առաջիկայում միջանկյալ նախագիծ են ներկայացնելու, ըստ որի՝ ատեստավորված շարքային, սերժանտական պայմանագրերից դեպի սպա անցումը լինելու է շատ արագ:
«Մենք մշակում ենք մեկամյա կրթական ծրագիր, որը թույլ է տալու, որ համալրենք դասակի հրամանատար օղակը, և այս հեռանկարը նաև մեր երիտասարդների համար նաև աճելու հնարավորություն և տեսլական է»,- ասաց նա և ավելացրեց, որ սա քաղաքացիների համար բանակում ծառայելուց հետո արտագնա աշխատանքին փոխարինող աշխատատեղ է՝ սոցիալական կայուն ապահովմամբ երաշխավորված: