ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշ ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով մեկ զինծառայողի մահվան և մի քանի զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողն իր կողմից վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, անձնակազմին զորամասից կրակային դիրք տեղափոխելու ճանապարհին, խախտել է տրանսպորտային մեքենա վարելու կանոնը, որի արդյունքում մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով զինծառայողներից մեկն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուսներն ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են կայազորային զինվորական հոսպիտալ:
Տուժած յոթ զինծառայողները շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել էր զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Գերատեսչությունից հայտնել էին, որ մարմնական վնասվածքներ է ստացել 7 զինծառայող, որոնք տեղափոխվել էին կայազորային հոսպիտալ: