ՀԱՊԿ-ը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշման մանրամասները, որը հրաժարվել է 2023 թվականին կազմակերպության զորավարժություններն անցկացնել իր տարածքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ բոլոր հարցերի շուրջ՝ ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են, հավելել է Պեսկովը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ Հայաստանը նպատակահարմար չի համարում 2023 թվականին ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել հանրապետությունում։ Նա այսպես է մեկնաբանել Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունների մասին լուրերը։ Նրա խոսքով՝ այս որոշման մասին Հայաստանի պաշտպանության նախարարն արդեն տեղեկացրել է կազմակերպությանը։
Հունվարի 1-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը։