ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Դատախազությունից պարզաբանում են, որ Հ.Բ.-ն, 2014 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբեր, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, այնուհետև՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, հաշվետու ժամանակահատվածում իր անձնական հաշվեկշռին ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ:
Բացի այդ, Հ.Բ.-ն, թաքցրել է նաև հայտարարագրման ենթակա վերոնշյալ տվյալները՝ այդ մասին համապատասխան գրառումներ չկատարելով իր կողմից ներկայացված հայտարարագրերում: Հ.Բ.-ի կողմից առերևույթ ենթադրյալ հանցանքներ կատարելու փաստերը ձեռք են բերվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից տրված հանձնարարության հիման վրա ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում:
Նշվում է, որ դեպքի առթիվ 2023 թվականի հունվարի 13-ին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: