ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը «Հանրային» հ/ը եթերում ներկայացրել է այսօր Գեղարքունիքի մարզում զորանոցի հրդեհվելու դեպքի առնչությամբ դատախազության ունեցած նախնական տվյալները։
«Ինժեներասակրավորային վաշտի սպան, որը կոչվումով կապիտան է, գտնվել է տվյալ շինությունում և հանդիսացել է օրվա պատասախանատու հերթապահը, այնտեղ են գտնվել նաև 21 ժամկետային զինծառողներ, գիշերը 01։30 սահմաններում զորանոցի միջանցքում տեղակայված վառարանի կրակը թեժացնելու նպատակով դուրս է եկել և տարածքում պլաստմասե տարայով ավտոբենզինը վերցրել և վերադրաձել է զորանոց և վառարանի մեջ լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել։ Բոցից համազգեստը բռնկվել է, մեխանիկորեն տարան նետել է, որի արդյունքում հրդեհը մեծ արագությամբ տարածվել է։ Բղավել է, միջոցներ ձեռնարկել զինծառայողներին քնից հանելու համար, սակայն կրակը տարածվել է։ Մուտքն արգելափակվել է և զինծառայողները դռնից դուրս գալու միջոցներ չեն ունեցել։ Դրսում գտնված ժակետային զինծառայոցները, որոնք ծառայության մեջ են եղել, մի կերպ երկու զինծառայողների դուրս են հանել ճաղավանդակներից, սակայն ծխի և կրակի պարագայում հնարավոր չի եղել դուրս բերել մյուսներին։ Այնուհետև, ահազանգել են ԱԻՆ և միջոցներ է ձեռնարկվել հրդեհը մարելու համար։
Սպան ողջ է և գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գիտակցությունն առկա է, սակայն կոնտակտի մտնելու հնարավորությունը քիչ է, քանի որ ունի ծանր վնասվածքներ։ Նա վերակենդանացման բաժնում է, շփումը դեռևս սահմափակված է»,- նշել է զինդատախազը։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: