Ողբերգական հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ անցել են մարմինները ծնողներին հանձնելու գործընթացին։
Աբրահամյանի փոխանցմամբ՝ ակտիվ քննություն է կատարվում, սակայն որևէ անձ դեռ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: