Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպմանը հայտարարել է մարտական պատրաստության բարձրացման մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանական բանակը վճռական միջոցներ կձեռնարկի Հայաստանի կողմից հնարավոր ռազմական սադրանքները կանխելու համար, որը փորձում է արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, և անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան կտա»,- ընդգծել է Հասանովը։
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարը զինվորականներին հրահանգել էր պատրաստ լինել «ցանկացած սադրանքների» սահմանին։ «Ադրբեջանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն անհապաղ և վճռականորեն ճնշելու Հայաստանի զինված ուժերի ցանկացած հնարավոր սադրանք»,- ասել էր նա։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժը հրետանուց, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ էր բացել հայկական դիրքերի, ինչպես նաև Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Մարտերը տարբեր ինտենսիվությամբ ընթացել էին տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։