Ադրբեջանի ԶՈՒ-ն այսօր՝ մարտի 13-ին, ժամը 12։00-ին և 12։30 գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ՝ խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։ Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չունի։ Վիրավորներ և կորուստներ չկան նաև քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասաց Ստեփանյանը։
Շուշան Ստեփանյանը հերքեց նաև ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ՝ նշելով, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
Ստեփանյանը նաև նշեց, որ ՀՀ ԶՈՒ–ն հավատարիմ է մնում որդեգրած մարտավարությունը` բնակավայրերի ուղղությամբ չեն կրակում
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ։ Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր սահմանամերձ գյուղը։ Կրակոցներից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան պատշգամբի պատը։