ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին ուղարկած զենքի լուսանկարների հնարավոր արտահոսքի մասին Armenia Today-ի հարցմանը։ Նոյեմբերի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները համացանցում Վրաստանի Փոթի նավահանգիստ ժամանած զինտեխնիկայի լուսանկարներ էին տարածել։ Լուսանկարներում հստակ երևում էին նաև զենքերի տեսակները, տեխնիկական բնութագրերը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դրանք ՀՀ-ին Ֆրանսիայի կողմից ուղարկված զենքերն են։ Նոյեմբերի 13-ին նման տեղեկություն է տարածվել նաև ռուսական լրատվամիջոցներում։
ՀՀ ՊՆ-ից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են, թե խոսքն արդյոք Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության արդյունքում ձեռք բերված զինտեխնիկայի մասին է։
«Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»,- Armenia Today-ին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Հավելենք, որ ՊՆ-ից չեն հստակեցրել՝ արդյոք որևէ քննություն տարվո՞ւմ է այս առնչությամբ։
Հոկտեմբերի 23-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին զինելու Ֆրանսիայի մտադրություններն անվանել էր Փարիզի կողմից Երևանը «ռազմական արկածախնդրության» մեջ «ներքաշելու» փորձ։