ՀՀ զինված ուժերում Տարածքային պաշտպանության հրամանատարություն կձևավորեն, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ասել է, որ ՊՆ-ն մշակել է և շուտով շրջանառության մեջ կդնի Տարածքային և տեղական պաշտպանության մասին օրենքը։
Ըստ նրա՝ հրամանատարությունը կհամակարգի պահեստազորայինների պատրաստության բոլոր հնարավորությունները։
Պապիկյանի խոսքով՝ հրամանատարությունը կունենա մշտական սպայական անձնակազմ, որոնք որպես «ինստրուկտորներ» կպատրաստեն պահեստազորին։ Վերջիններս, անհրաժեշտության պահին, կիմանան, թե որ պաշտպանական բնագծում կամ վայրում և ում հրամանատարության ներքո են իրականացնելու իրենց առաքելությունը, հավելել է նախարարը։
ՊՆ ղեկավարը մեկնաբանել է նաև ժամկետային զինծառայողների ցածր թվի հետ կապված իրավիճակը։ Նա ասել է, որ այս հարցում կան մտահոգիչ խնդիրներ և բանակում «ծառայելու պատրաստակամության պակաս»: Նախարարը հավելել է, որ դրա մասին է վկայում այն, որ «շատերը զարտուղի ճանապարհով փորձում են խուսափել զինծառայությունից»։ Պապիկյանի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մի շարք փոփոխություններ են նախաձեռնվելու կառավարության որոշումներում, հնարավոր է՝ օրենսդրական:
Հունվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը զեկուցել էր, որ բանակ են զորակոչվում զինվորական տարիքի մարդկանց կեսից քիչը։ Նա ընդգծել էր, որ դա կա՛մ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի, կա՛մ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը։