Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տնակում բռնկված հրդեհի և տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնում են ՔԿ-ից։
Վարույթը նախաձեռնել են ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 տարի ժամկետով)։
ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։
Փետրվարի 6-ին ՊՆ-ն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանը։