ՊՆ զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվածը նրա ծառայակիցն է, հայտնել է Քննչական կոմիտեն։
ՔԿ տվյալներով՝ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար նվաստացրել է Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։
Ըստ ՔԿ-ի՝ Ալեքսանյանը, «հայտնվելով անելանելի վիճակում», սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում ԱԿՄ տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպանություն գործել:
Հ․ Ե․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագունը 15 տարի ժամկետով) և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ավելի վաղ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Ալեքսանյանի մահվան գործով կալանավորված անձ կա։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով։