Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։
Քննարկվել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Արցախի արտաքին հայեցակարգում ընդգրկված գերխնդիրները մնացել են անփոփոխ․ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ, երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։
Վերոհիշյալ խնդիրների արդյունավետ լուծման համատեքստում նախարարը կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումը և հայ ժողովրդի կողմից Արցախի՝ որպես գերագույն արժեքի ընկալումը։
Նախարար Բաբայանը բարձր է գնահատել նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես արտաքին քաղաքական նպատակների իրականացման արդյունավետ միջոց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել էր, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ: