Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները խաղաղ գործընթացի շրջանակներում։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունել մինչև այդ խաղաղ գործընթացի վերականգնման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի ցանկությունը՝ ՌԴ կատարած այցի ժամանակ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շփումը: Արդյոք հանդիպման ժամկետների և օրակարգի մասին որևէ մանրամասներ կան՝ հարցին ի պատասխան՝ Նաղդալյանը նշեց, որ երբ լինի հստակ ժամանակ, այդ մասին պատշաճ կարգով հանրությունը կիրազեկվի։
«Հայկական կողմը հուլիսյան մարտերից հետո ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները, որոնք ներկայացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության հուլիսի 23-ի նիստի ժամանակ։ Այդ մոտեցումներում կենտրոնական դեր է խաղում ուժի սպառնալիքի կիրառման բացակայությունը, ատելության հռետորաբանության դադարեցումն ու հրադադարի ռեժիմի ամրապնդումը։ Ըստ մեր գնահատականների՝ այդ մոտեցումները նաև առաջնահերթություն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների մոտ։
«Հրադադարի ամրապնդումը Հայաստանի առաջնահերթություններից է խաղաղ գործընթացում, առանց որի անհնար է պատկերացնել խաղաղ գործընթացի զարգացումը»,- ասաց Նաղդալյանը: