Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում եղել է Խնձորեսկ համայնքում, որտեղ մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Վարչապետին ուղեկցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Նիկոլ Փաշինյանը նախ այցելել է Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։
«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ»,- ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին։
Նիկոլ Փաշինյանը քայլել է Խնձորեսկի ճոճվող կամրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։
Վարչապետն այնուհետև այցելել է Խնձորեսկի համայնքապետարանի հարակից տարածք, որտեղ նրան ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, այնուհետև ներկայացվել են ցուցադրական ելույթներ: Վարչապետը զրուցել է բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։
Կառավարության ղեկավարը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ, այցելել է նաև Գորիս, ծանոթացել քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես՝ Հին Գորիսի վերականգնման ընթացքին:
Դիտակետին հարակից տարածքը նախկինում եղել է շինարարական աղբավայր. վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը: Դիտակետից բացվում է «ժայռերի քաղաք» Հին Գորիսի տեսարանը: Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 99 մլն դրամ, որից 40 տոկոսը՝ համայնքային ներդրում: Ծրագիրն ուղղված է մրցունակ զբոսաշրջային ծառայությունների մեծ ներուժի զարգացմանը: Ըստ պատասխանատուների՝ վերակառուցումից հետո տարածքը բավականին մրցունակ է բիզնեսի զարգացման և ներդրումների համար։ 2020 թվականին արդեն իսկ սկսել են գործել հյուրանոց և ռեստորան։ Ենթադրվում է որ 2021-2022թթ. կստեղծվեն սպասարկման նոր և մրցունակ ծառայություններ, քանի որ մի շարք բիզնես առաջարկներ արդեն իսկ քննարկվում են։
Վարչապետը շրջել է նաև Հին Գորիս պատմամշակութային կենտրոնով, ծանոթացել այստեղ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացվող ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն Գորիսում զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքի գրավչության բարձրացմանը: