Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 30-ին կայացել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։
Նիստի օրակարգի առաջին հարցը Կառավարության հեղինակած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու հարցն էր։
Ներկայացնելով նախագիծը՝ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ու հայտարարված ռազմական դրության պայմաններում։
«Կառավարությունն այս օրենքի ընդունումը համարում է անհետաձգելի։ Պլանն արդեն իսկ մշակված է և համաձայնեցված էկոնոմիկայի նախարարության հետ»,- ասել է Բալայանը։
Հարակից զեկույցով հանդես եկած պատգամավոր Արեն Մկրտչյանը նշել է, որ գործող սահմանադրությամբ պլանի հաստատումը դուրս է նախագահի իրավասությունների շրջանակից։
«Պահանջ կա տնտեսության զորահավաքային պլանի հաստատումը համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին, օրենսդրորեն ամրագրել և ստեղծել իրավական հիմքեր»,- ասել է Մկրտչյանը։
Նշենք, որ օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։