ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը պատրաստակամություն են հայտնել Հայաստան վերադառնալու և սահմանի պաշտպանության գործին իրենց մասնակցությունն ունենալու: Դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրենց նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու համար:
Արցախյան ռազմաճակատ մեկնել ցանկություն հայտնած հետախուզման մեջ գտնվող նախկին 3 պաշտոնյաներից գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի փաստաբանները միջնորդություններ են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դիմումները քննարկման փուլում են։ Դրա համար սահմանված ժամկետները չեն ավարտվել և այդ ժամկետների պահպանմամբ որոշումը կուղարկվի միջնորդություն ներկայացնողին։ Իսկ կոնկրետ մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացրած միջնորդության քննության արդյունքում կկայացվի պատճառաբանված որոշում»,- նշեց Աբրահամյանը։
Գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ նման խնդիրները բացառապես քրեական դատավարության տիրույթում գտնվող հարցեր են և յուրաքանչյուր դեպքում լուծումներն էլ են միայն քրեադատավարական ընթացակարգ ենթադրում։ Այսինքն՝ դրանք չեն կարող պայմանավորված լինել ուրիշ հանգամանքներով և Դատախազությունն էլ այդպիսի հարցերում չի առաջնորդվում հայտարարություններով։
Անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների Արցախ մեկնելու ցանկության շուրջ տեղի ունեցող մեկնաբանություններին՝ Գոռ Աբրահամյանն արձագանքեց․ «Դրանց վերաբերյալ հրապարակումներն ու մեկնաբանությունները շատ են։ Ուզում եմ հորդորել, որ նման մեկնաբանություններով հանկարծ չփորձեն ազդել քրեական դատավարության գործընթացքների վրա»։
Հիշեցնենք, որ հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան 3 պաշտոնյաներ՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը դիմել են իշխանություններին՝ Հայաստան վերադառնալու և սահմանի պաշտպանությանը մասնակցելու համար։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մեղադրանք է առաջադրվելո նույնպես Մարտի 1-ի գործով։
Իսկ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։