ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է, որ հայկական կողմը Սիրիայից որոշ ահաբեկիչ գրոհայինների դիակներ ունի:
«Այո, մենք ունենք ջիհադիստական քարոզչական տեսահոլովակներ` մարտական գործողությունների վայրերում գեոլոկացիայով: Ինչպես նաև նրանցից մի քանիսի մարմինները: Որևէ կասկած չկա դրանում: Ապացույցներն արդեն հրապարակվել են: Հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է եղել վերլուծել տեսանյութերի կադրերը և բացահայտել, թե որ վայրերում են կատարվել այդ նկարահանումները:
Այժմ արդեն հաստատված փաստ է, որ նրանք բերվել են առաջին գիծ մարտական գործողությունների ընթացքում: Սիրիացի ահաբեկիչներն իրենք են նկարահանել այն տեսանյութերը, որոնք հետագայում հայտնվել են համացանցում և տարածվել: Այս ապացույցը պաշտոնապես ճանաչվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների կողմից: Եվ նպատակը պարզ է. թուրքերը հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն են ցանկանում:
Ես հարցնում եմ ինքս ինձ և միջազգային հանրությանը. ի՞նչ տեսակի զինադադար կարող ենք կնքել այս ահաբեկիչների հետ: Մենք հարձակման ենք ենթարկվում, մենք պետք է պաշտպանվենք, ինչպես ցանկացած ազգ, որին ոչնչացում է սպառնում»,-հայտարարել է վարչապետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: