ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հոկտեմբերի 29-ին հանդիպել Ժնևում: Այս մասին ասվում է համանախագահների հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են ԱՄՆ արտաքին գործերի նախարարների և փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության բոլոր ասպեկտներով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ՝ նշելով, որ կողմերը վերսհաստատել են այդ պարտավորությունները հոկտեմբերի 18-ին:
Նշվում է, որ ինտենսիվ բանակցությունների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար զինադադարի իրականացումը, հրադադարի դիտարկման հնարավոր չափորոշիչները և հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն համապարփակ կարգավորման էական տարրերի քննարկման նախաձեռնումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Այսօր արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին։