Հարգելի՛ սիրելիներ, ես իմ ամբողջ գիտակցական կյանքում իմացել եմ՝ ինչ է բարեգործությունը, փոխօգնությունը, աջակցությունը, և որևէ բան իմ կյանքում չի փոխվել՝ բացի ծավալներից: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և հավելել, որ չի պատրաստվում հրապարակային դարձնել այդ ոլորտի իր գործունեությունը՝ միայն այն պատճառով, որ որոշ շրջանակներ դադարեն բամբասանքներ տարածել և խեղաթյուրել փաստերը:
«Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել, թե պատերազմական օրերին իր աշխատավարձը և պարգևավճարը ուրիշ ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը:
Ես շարունակում եմ իմ անձնական միջոցներով աջակցել այն անձանց և կառույցներին, որոնց հարկ եմ համարում: Եվ դա անում եմ հիմնականում իմ աշխատավարձով ու պարգևավճարներով»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» օրերս ներկայացրել էր Բաթոյանի վերջին երկու ամսում ստացած աշխատավարձերի ու պարգևավճարների մասին հոդված՝ «Պատերազմը՝ պատերազմ, պարգևավճարը՝ պարգևավճար» վերտառությամբ։
Լրատվամիջոցը հարցում էր ուղարկել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն և ստացել պատասխան, որ սեպտեմբերին Զարուհի Բաթյանը ստացել է 603 198 դրամ աշխատավարձ և 962 305 դրամ պարգևավճար՝ օգոստոսի համար։ Ստացված ողջ գումարը՝ 1 500 000 դրամ, նախարարը փոխանցել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Սեպտեմբերին Բաթոյանը 459 577 դրամ աշխատավարձ էր ստացել ու 896 800 դրամ պարգևավճար՝ սեպտեմբերի համար։