ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխավոր։
Այս մասին ԱԺ-ում ճեզազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ, եթե իշխանությունը հրաժարական չտա, մեր երկրում չեն լինի ներդրումներ, քանի որ Հայաստանի նկատմամբ վստահություն այլևս չկա։
Բայց, Իվետա Տոնոյանի պնդմամբ, ընդդիմությունն օրենքով թույլատրված բոլոր գործիքների օգտագործմամբ հասել է նրան, որ Փաշինյանը հրաժարական տա։
«Սա ոչ միայն ԲՀԿ-ի, արտախորհրդարանական ուժերի, կաթողիկոսների, նախկին նախագահների, վարչապետների, հանրային ամենատարբեր շրջանակների կողմից ձևավորված օրակարագ է, այլև մեր երկրի առջև ծառացած ազգային անվտանգության հարց։ Մենք ասել ենք, որ Արցախի տարածքի 75 տոկոսի կորոստից հետո վտանգված են ՀՀ տարածքային ամբողջականությունը, նաև Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերը և նրանց բնակիչների ճակատագրերը»,- ասաց նա։
Իվետա Տոնոյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Նա նկատեց, որ ընդդիմության այս կամ այն գործչի քննադատությունից հետո վարչապետն անմիջապես շտապում է արձագանքել, իսկ հարևան պետությունների հնչեցրած ստորացուցիչ հայտարարություններին ուշ է պատասխանում։
«Ես որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի անասելի ամոթի, ցավի, անզորության զգացողություն ունեցա՝ երեկ Բաքվում Էրդողանի հայտարարությունները լսելով։ Շուրջ 8 ժամ պահանջվեց, որ անբովանդակ հայտարարություն լինի մեր երկրի կողմից։ Երբ Ալիևի կողմից հնչում են հայտարարություններ, թե Զանգեզուրը, Սևանը, Երևանն ադրբեջանական հողեր են, Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք այդպես էլ չի լինում, բայց վերջինս չի զլանում, օրինակ, կորցրած օծանելիքի վերաբերյալ հանդես գալ ֆեյսբուքյան գրառմամբ կամ «լայվով»»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Զանգեզուրը, Սևանը, Երևանն ադրբեջանական հողեր են, իսկ այս հայտարարությանը պատասխան եղավ միայն մոտ 8 ժամ անց, այն էլ՝ վարչապետի խոսնակի մակարդակով։