Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը, մեկնարկեց «Աջակցենք Արցախին» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է բացառաբար հումանիտար ծրագրերով հոգատարություն ցուցաբերել Արցախում ծանր կացության մեջ հայտնված ժողովրդին և պատերազմի հետևանքով արցախյան գյուղերից տարհանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներին։ Հանձնախմբի կազմում ընդգրկված են եկեղեցականներ և աշխարհականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և բոլոր մայրցամաքներից։
Այս առիթով օրերս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապի միջոցով հանդիպում ունեցավ հանձնախմբի հետ։ Հայոց Հովվապետն անդրադարձավ Հայաստանի ու Արցախի առջև ամենատարբեր ոլորտներում այսօր ծառացած լուրջ մարտահրավերներին՝ ընդգծելով, որ առկա պայմաններում Հայոց Եկեղեցին պետք է անի ամեն անհրաժեշտը՝ առավելագույնս աջակցություն մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը, Հայոց Եկեղեցու թեմերի և ազգային հաստատությունների համագործակցությանն առնչվող հարցեր։
Նշենք, որ 44 օր տևած պատերազմի հետևանքով Արցախում հումանիտար աղետ է, և մեր հայրենակիցները, սփյուռքահայությունը, ազգային, հասարակական բոլոր կառույցները անում են ամենը՝ առավելագույնս աջակցելու Արցախին ու արցախահայությանը։