Հադրութի շրջանի Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել պաշտպանության բանակ զորակոչված 9 պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ վերջին անգամ կապ հաստատելու ժամանակ պարզ է դարձել, որ նրանցից 1-ը վիրավոր է:
«Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունը այսօր պետք ճշտի նրանց կարգավիճակը՝ արդյոք գերի են ընկել, թե՝ ոչ: Այդ ուղղությամբ նրանք աշխատանքներ են սկսել: Ինչ-որ նորություն ունենալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,-ասել է Հայկ Խանումյանը:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 11-12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: