Երբ պատրաստ լինենք՝ կգնանք ընտրությունների։ Կարծում եմ, որ պետք է անել այդ ընտրությունը, ու ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ իշխանությունը ձևավորելու է ժողովուրդը․ «Ինչ-որ խումբ մարդիկ, ամենալավ, ամենափորձառու մարդիկ չպետք է որոշեն, այլ՝ ժողովուրդը։ Հայաստանում և, ընդհանրապես, իշխանությունը ձևավորում են ժողովուրդները, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ինչպե՞ս է դա իրագործվում՝ ազատ և արդար ընտրություններով։ Պետք է այնպես անենք, որ այդ ազատ, արդար ընտրություններն իրագործվեն։ Կգնանք ընտրության։ Մենք՝ որպես իշխանություն, կպարտվենք՝ կպարտվենք»։
Ալեն Սիմոնյանը շեշտել է՝ Ժողովուրդը պետք է որոշում կայացնի․ «Ամենայն հարգանքով եմ ասում՝ լինի՛ Վազգեն Մանուկյանը, լինի՛ պարոն Ռոբերտ Քոչարյանը, պարոն Սերժ Սարգսյանը, պարոն որևիցե մեկը։ Իրենք չպետք է որոշեն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է որոշի։ Կորոշի՞ որ այդ մարդիկ պետք է իշխանություն լինեն, ես կողջունեմ, բայց, եթե՝ չէ, դա գիտեք ինչ է՝ իշխանություն զավթել է։ Իրենք ժողովրդին ասում են՝ դուք բան մի արեք, մենք իմաստուն ենք, կորոշենք։ Ու ասում են այն մարդիկ, որոնք տասնամյակ շարունակ այդ ընտրությունները կեղծել են»։
Շեշտելով այն վարկածի մասին՝ ըստ որի՝ նախկինում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր էր, իսկ հիմա ընտրությունը հաստատ կկեղծի՝ նա հավելեց․ «Նիկոլ Փաշինյանը և իշխանությունը չեն կարող ընտրություն կեղծել, որովհետև ժողովուրդն արդեն ձևը գիտի՝ կգա ու ուղղակի կվերցնի։ Մենք դա ոչ կանենք, ոչ էլ մեզ տեխնիկապես կարող ենք թույլ տալ»։