«Հրապարակը» գրում է․
«Պաշտպանության նախարարությունը դարձյալ զորահավաք է անում, սկսել են ծանուցագրեր ուղարկել զինապարտներին, որ ուղարկեն Արցախ՝ ծառայության: Դա սվիններով է ընդունվել բնակչության կողմից:
Չարենցավանում 3 օր առաջ մի քանի հարյուր ծանուցագիր է բաժանվել, որի ժամանակ միջադեպեր են գրանցվել բնակիչների և ծանուցագիր բաժանող աշխատակիցների միջև: Բնակիչները շատ վատ են ընդունել իրենց դուռը թակողներին՝ հիմնականում չվերցնելով ծանուցագրերը: Ասել են՝ մենք երեխա չունենք բանակ ուղարկելու, ո՞վ է պատասխան տալու, որ մեր երեխան գնա ու հետ չգա՝ զինկո՞մը, թե՞ քաղաքապետը»,-գրում է թերթը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. արդեն մի քանի օր է՝ բարձրանում են և՛ բենզինի, և՛ բնական սեղմված և հեղուկ գազի գները։ «Ժողովուրդ» օրաթերթը շրջայցի ընթացքում պարզել է, որ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 350 դրամից բարձրացել է՝ դառնալով 370 դրամ, հեղուկ գազի մեկ լիտրը թանկացել է 10 դրամով՝ 180-ից դարձել է 190 դրամ։ Իսկ, ահա, բնական սեղմված գազի մեկ կիլոգրամը գազալցակայաններում այժմ վաճառվում է միջինը 320-330 դրամով։
Ի դեպ, այս տարվա ընթացքում բնական սեղմված գազի գինն արդեն երկրորդ անգամ է բարձրանում։
«Իրատեսը» գրում է․
«Պաշտպանության փոխնախարարներ Գաբրիել Բալայանի և Մակար Ղամբարյանի հրաժարականներից հետո իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ գտնել չի կարողանում:
«Իրատեսին» հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության մի քանի վարչությունների ղեկավարների առաջարկվել է ստանձնել փոխնախարարի պաշտոն, բայց նրանք կտրուկ հրաժարվել են: «Ասել են՝ անցավ գլուխներս ցավի տակ չենք դնի: Հիմա դա ամենապատասխանատու պաշտոններից է, ով ինչ սխալ ու թերացում ունեցել է պատերազմի ժամանակ, մենք պետք է խմբագրենք՝ դրանց պատասխանատվությունն ակամա մեզ վրա վերցնելով»,- պատճառաբանել են նրանք:
«Փաստը» գրում է․
«Ինչպես հայտնի է, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը նախատեսում են Հանրապետության հրապարակում անցկացնել մեծ հանրահավաք, ինչպես նաև դասադուլներ ու գործադուլներ, որոնց հետ կապված արդեն մի շարք հայտարարություններ են հնչել թե՛ բուհերից, թե տարբեր կազմակերպություններից։
Սրան զուգահեռ՝ Փաշինյանը համառորեն շարունակում է ուժայինների միջոցով երկարացնել սեփական իշխանության կյանքը։ Թերթի տեղեկությունների համաձայն, այսօր հատկապես Սյունիքի մարզից աննախադեպ մեծ թվով մարդիկ նախատեսում են գալ մայրաքաղաք՝ մասնակցելու ընդդիմության հանրահավաքին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մյուս մարզերից նույնպես, չնայած մարզային իշխանությունների կողմից ձեռնարկվող խոչընդոտներին ու արգելքներին, պատրաստվում են մասնակցել բողոքի ակցիաներին, անգամ փակել միջպետական մայրուղիներ»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։