Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Հռիփսիմե Առաքելյանը ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ավագանու անդամներին կոչ արեց միանալ գործադուլին։
«Մենք այսօր այլ օրակարգ չունենք։ Մեր միակ օրակարգը վարչապետ Փաշինյանի հրաժարականն է։ Առավել քան վստահ եմ, որ, ինչու չէ, դուք անհամաձայնություններ ունեք շատ ու շատ հարցերում։ Շատ լավ հասկանում եք, որ այս ամենն արդեն հասել է իր տրամաբանական հանգրվանին և ավարտին։ Վստահ եմ՝ հասկանում եք, թե հետագան որքան շատ ավելի տխուր և դժգույն է լինելու։ Լավ կլինի, որ մենք այստեղ իսկապես համախմբվենք, դուք հետևեք մեր կոչին, և մենք բոլորս ուղևորվենք Հանրապետության հրապարակ՝ պահանջելու այն մարդու հրաժարականը, որն այսօր մեր երկիրը կանգնեցրել է այսպիսի խայտառակ իրողության առաջ, մի մարդու, որն առանց ախ քաշելու ստորագրեց կապիտուլացիոն փաստաթուղթ։ Բոլորիդ սպասում ենք հրապարակում»,-նշեց Հ․ Առաքելյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն այսօր համազգային գործադուլի և դասադուլի օր են հայտարարել։