ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ Նաիրա Զոհրաբյանին զրկեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, կողմ են քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
«Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ, քանի որ պատգամավորն անհարկի բառեր է օգտագործել, և նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։
Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ էլ, ըստ իշխող ուժի, պատգամավորն անհարկի արտահայտություններ է գրել․ «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։
Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը ներկա չէր իրեն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագծի քննարկմանը։
Նա, սակայն, չի ընդունում մեղադրանքները և այն քաղաքական հետապնդում է համարում։
Հավելենք, որ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով ԲՀԿ-ն կդիմի ՍԴ։