2020թ. հուլիսյան մարտերը էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա: Ճիշտ է՝ մարտական գործողությունների մասշտաբը հետագա պատերազմի համեմատ չափազանց փոքր էր, բայց հուլիսյան մարտերում ներգրավված էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, եւ մեր բանակը ոչ միայն դիմակայեց, այլեւ մարտական դիրքում եւ մարտերի ընթացքում մենք ոչ մի զոհ չունեցանք, ոչ մի զոհ: Մեր զոհերը թիկունքում էին նահատակվել: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում:
«Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային եւ սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչեւ հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում:
Նույնիսկ այս պայմաններում բանակցային գործընթացը շարունակվում էր, այնքանով որքանով թույլ էր տալիս կորոնավիրուսի համավարակը: ԱԳ նախարարը անընդհատ քննարկումների մեջ էր համանախագահողների հետ: Բայց, ըստ էության, Ադրբեջանը չէր մտնում բանակցությունների մեջ, հստակ ցույց տալով, որ իր համար բանակցային նպատակը առաջվա նման շարունակում է մնալ առանց նախապայմանների տարածքների հանձնումը»,- գրել է վարչապետն ու հավելել, որ եթե մենք ասեինք համաձայն ենք, պատերազմն, իհարկե, կկանխվեր: Պատերազմը նման պայմաններում կարող էինք նաեւ կանգնեցնել, ինչի մասին հայտարարեցի պատերազմի մեկնարկի առաջին օրը՝ Ռազմական դրության կապակցությամբ ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստում: Նման տարբերակը, սակայն, ոչ միայն ինձ համար ընդունելի չէր, այլեւ այդ օրերին չլսեցի որեւէ ձայն, որ հենց այդպես էլ պետք է վարվել:
Սրան, իհարկե, հանրահայտ հակափաստարկ կա. մյուսները, հանրությունը չէին տիրապետում կամ չէին կարող տիրապետել այն տեղեկատվությանը, որ վարչապետն էր տիրապետում եւ ուրեմն՝ վարչապետը իր իմացած տեղեկատվության հիման վրա պետք է որոշում կայացներ։
Ճիշտ փաստարկ է, եւ իմ տիրապետած տեղեկատվությունը այն մասին էր, որ իրադրության լիցքաթափումը կամ պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէ առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետեւանքների։ Եւ ուրեմն, որոշումն էր՝ պայքարել այդ աղետալի հետեւանքների դեմ։ Արդյունքում ավելի աղետալի հետեւանքնե՞ր ունեցանք։ Գուցե։
Բայց այն մյուս աղետի հնարավոր մասշտաբները գիտենք տեսականորեն։ Հիմա չգիտենք, թե այն մյուս աղետը գործնականում ինչպիսին էր լինելու, ինչպես այն ժամանակ չգիտեինք այս մի աղետի գործնական պարամետրերը։
Միայն գիտենք, որ Շուռնուխի գյուղապետի «լայվերը» հաստատապես ներկա էին լինելու բոլոր սցենարներում, որովհետեւ Ղուբաթլուի շրջանը Ադրբեջանին էր հանձնվելու վերը նկարագրված բոլոր սցենարներում, Շուռնուխի ու Որոտանի 20 տների շուրջ սահմանային վեճը նույն կերպ ծավալվելու էր: Բայց հիմա մենք գիտենք, որ մինչեւ Շուռնուխի սահմանագծին հասնելը պայքարել ենք ամեն թիզ հողի համար:
Խաղաղ հանձնման սցենարի ժամանակ է՞լ էինք պայքարելու: Ուրեմն՝ պատերազմը սկսվելու էր ոչ թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներում։ Այս սցենարով պատերազմը Շուռնուխի մատույցներում գոնե ավարտվել է, չնայած՝ հիմա ոմանք ջանք չեն խնայում, հնարավոր եւ անհնար ամեն ինչ անում են, որ Շուռնուխի մատույցներում պատերազմը նորից սկսվի։
«Գիտեմ, որ հոդվածի այս հատվածին բավական ճշմարտանման փաստարկ են բերելու, թե հողերի խաղաղ, բանակցային հանձնման պարագայում մեր բանակցային դիրքերը շատ ավելի ամուր էին լինելու, որովհետեւ մենք հանդես էինք գալու հաղթողի դիրքերից եւ կարող էինք ստանալ ավելին: Շատ լավ, կարող էինք՝ ստանայինք նախկինում, երբ Ադրբեջանը ռազմական առումով շատ ավելի թույլ էր: Հաղթողի դիրք ունեինք, բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում որեւէ անգամ օգտագործեինք հաղթողի այդ դիրքը որեւէ կոնկրետ արդյունք ապահովելու համար»,- գրել է հոդվածի հեղինակը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանից։ ՀՀ սահմանային որոշ գյուղեր նույնպես անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: