Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանի մոտ՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մեկնել Մոսկվա: Ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները փակել էին ճանապարհը, որպեսզի քաղաքացիները չկարողանան հասնել օդանավակայանի մուտքի մոտ։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ այնտեղ ստորագրվելու է հայ ժողովրդի շահերը ոտնահարող փաստաթուղթ։
Ոստիկանները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ժամը 8։00-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սակայն, անարգել մտել էր օդանավակայան։ Տեղեկանալով, որ վարչապետին հաջողվել է օդանավակայան հասնել, քաղաքացիները որոշեցին դադարեցնել իրենց բողոքի գործողությունները։
«Եթե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստորագրի ինչ-որ մի փաստաթուղթ, որը մեր պետականության դեմ է, մեր շահին դեմ է, ուրեմն նա թող լավ իմանա՝ վաղը ոչ թե փողոցներն են փակ լինելու, այլ Հայաստանի երկինքը, նա չի կարողանալու գալ Հայաստան։ Նրա կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ, որ Հայաստանի և հայության դեմ կլինի, այդ փաստաթուղթը լեգիտիմ չի համարվի մեր կողմից․ դա թող իմանա թե՛ Ալիևը, թե՛ Վլադիիմիր Պուտինը, թե՛ Էրդողանը, թե՛ ամբողջ աշխարհը և թե՛ Մինսկի խումբը»,-հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից Գերասիմ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայանալու է Պուտին- Փաշինյան- Ալիև եռակողմ հանդիպումը։