ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների ամբողջական և պատշաճ գործարկումը
Օրինագծի քննարկման արդյունքում որոշվեց․
-ՃՈ կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային համակարգի բալային կիրառումը ժամանակավորապես հետաձգել մինչև 2022 թ հուլիսի 1-ը։
-Մինչ այդ տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված գործերով։
-Նախագծով կարգավորվում են նաև վարորդական իրավունք չունեցողների հետ կապված իրավախախտումները։
-Առաջարկվեց ղեկին ծխելու համար սահմանված տուգանային միավորը 1 -ից դարձնել 0,5։
Նշենք, որ այս որոշումներն ընդունվեցին բուռն քննարկումների արդյունքում։
Օրինակ՝ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նախագծում ներառվել նաև ծխելու դեմ միջոցների խստացումը, երբ մեկ միավոր է հանվում և՛ մայթին կանգնելու, և՛ ղեկին ծխելու համար, արդյո՞ք սա չափից շատ խստացում չէ։ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը չհամաձայնեց․ «Ոչ թե խստացվում է ծխելու դեպքում վարչական պատասխանատվությունը, այլ նախկինում գործող վարչական պատասխանատվությունը, որը նախատեսվում էր բացառապես հանրային տրանսպորտում ծխելու համար, այս դեպքում տարածվում է նաև քաղաքացիական մեքենաներ վարելու դեպքերի վրա։ Բազմաթիվ դեպքեր ունենք, որ վարորդների կողմից ծխելու հետևանքով լինում են ՃՏՊ-ներ, և բավականին ծանր հետևանքներ»,-նշեց Ֆիդանյանը։
Ինչևէ, հենց Գորգիսյանի բարձրացրած հարցի շնորհիվ հնարավոր եղավ ղեկին ծխելու համար սահմանված տուգանային միավորը 1 -ից դարձնել 0,5։
Նշենք, որ երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների վերաբերյալ խստացումների հարցը կներառվի ԱԺ ընթացիկ նիստերի օրակարգ, և այնտեղ ընդունվելու դեպքում միայն իրավական ուժ կստանա։
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը՝ տեսասարքերի արձանագրած խախտումների դեպքում։