Արցախցիներն այսօր Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտակայքում բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել։ Մարտակերտցիները փակել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյան ճանապարհը և դրել մի քանի հարցեր։
Խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ զրույցում բնակիչները հարց բարձրացրեցին, թե ինչո՞ւ, համաձայն Եռակողմ հայտարարության, արցախցիները չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով, այն դեպքում, երբ հակառակ կողմը օգտվում է Քարվաճառի ճանապարհից։
Արցախցիները խաղաղապահներին պահանջագիր տվեցին՝ ներկայացնելու բարձր ղեկավարությանը։ «Մեր առաքելությունը խաղաղ է, որպեսզի օգնենք երկխոսություն ծավելել կողմերի միջև։ Պետք է փոխզիջում գտնենք, որպեսզի սադրանքներ չլինեն»,-նշել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը։
Արցախցիներն ընդգծել են, որ ինչպես Լաչինի դեպքում՝ այստեղ ևս հնարավորություններ պետք է լինեն ռուս խաղապահների ուղեկցությամբ այդ ճանապարհով երթևեկել։ Նրանք նշել են, որ հարազատների տեսակցելու համար 60 կմ-ի փոխարեն ստիպված են լինում 500 կմ անցնել։
Արցախցիները զգուշացրել են, որ եթե այդ հարցը չլուծվի, իրանք պարբերաբար փակելու են ճանապարհը։ Բացի այդ, նրանք ռուս խաղաղապահներից պահանջել են կարգի հրավիրել ադրբեջանցիներին, որոնք նողկալի ժեստեր են անում երթևեկելիս։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահված անձանց և զոհվածների մարմինների փոխանակում։