Հայաստանի արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։
Նախարարության կառուցվածքում կընդգրկվեն ոստիկանությունը, ՆԳՆ քննչական վարչությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը:
Նախատեսվում է Նախարարության կազմում ներառել հետևյալ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները՝
- Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն,
- Միջազգային համագործակցության վարչություն,
- Բժշկական վարչություն,
- Փորձաքրեագիտական վարչություն,
- Հանրային ծառայությունների որակի ապահովման վարչություն,
- Վերահսկողության, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն։
Նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել հետևյալ աջակցող ստորաբաժանումները՝
- Իրավաբանական վարչություն,
- Ֆինանսաբյուջետային վարչություն,
- Տնտեսական վարչություն,
- Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն,
- Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն,
- Գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն,
- Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն։
Նախարարության ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է հանրապետության նախագահը։
Նշվում է, որ ՆԳՆ-ի ստեղծումը նախատեսված է 2020 թվականի ապրիլի 23-ին հաստատված ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում: