Դատարանն անվավեր է ճանաչել նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հայ ազգային կոնգրես»-ի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
«Այսօր Վարչական դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- հայտնել է Խաչատրայանը։
Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը, որոնց համաձայն՝ նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և զրկվել դասային աստիճանից: Վարչական դատարանը Քոչարյանի երկու հրամանագիրն էլ անվավեր է ճանաչել: