Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ հարկային վարչության կազմակերպման պետ Կարեն Թամազյանը, 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին աշխատատեղերի աճն ակնառու է եղել նախորդ տարվա նույն ամիսների համեմատ։ Այդ թիվը մեծացել է նաև ամիս առ ամիս, այսինքն՝ փետրվարին հունվարից, իսկ մարտին փետրվարից ավելի մեծ թիվ է գրանցվել։
Սակայն, այդ թիվը անկում է ապրել՝ պայմանավորված համավարակային սահմանափակումներով։
«Ապրիլ ամսին աշխատողների քանակը նվազել էր 547 000 այն դեպքում, երբ մարտին 620 000 էր»,- ասաց Թամազյանը։
Նրա համոզմամբ՝ եթե 2018-2019 թվականների աշխատատեղերի ակտիվ վարչարարություն է իրականացվել, ապա 2020 թվականին գործատուները հիմնականում գրանցել են աշխատողներին, ուստի, հարկ վճարողների կարգապահության արդյունքում մեծացել է աշխատատեղերի քանակը։
Ըստ Թամազյանի՝ աշխատատեղերի քանակը հիմնականում ավելացել է մանրամեծածախ առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտներում։
Աշխատողներին չգրանցելու մեջ առավել ռիսկային են շրջանառության հարկ վճարողները։ Այդպիսի կառույցների հետ ՊԵԿ-ը համապատասխան աշխատանքներ է կատարել։ Այդպիսով, ուղարկված 100 ծանուցման արդյունքում 70 աշխատատեղ գրանցվել է։
Ըստ ՊԵԿ աշխատակցի՝ պետական բյուջեի մասին օրենքով 2020 թվականի համար նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ եկամուտների հավաքագրում, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվեց, նվազեցվեց մինչև 1 տրիլիոն 326 միլիարդի:
Թամազյանն ասաց, որ 2020 թվականին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 138 մլրդ դրամ, որը նույնպես նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարն է: Այսինքն, ընդհանուր հավաքագրումից խոսելիս 1 տիրլիոն 523 միլիարդի չափով ՊԵԿ-ի կողմից ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով գումարներ, որից 138 միլիարդը վերադարձվել է հարկ վճարողներին։ Արդյունքում, վերջնական ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ:
Եթե խոսենք կառուցվածքի մասին, ապա Թամազյանն ասաց, որ 1000 խոշոր հարկատուները վճարել են նշված գումարի շուրջ 71,3 տոկոսը: Պետական եկամուտների ավելի քան 90 տոկոսը վճարվում է ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից։