Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան:
Անհետ կորած զինծառյողներից մեկի մայրը, որը չցանկացավ ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերի է վերադառնալու.
«Մեզ ասացին ժամը 17:00-18:00–ի սահմաններում օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում, բայց գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»:
Նշենք, որ բացի գերեվարվածների հարազատներից, այստեղ նաև զինվորականներ և ոստիկաններ կան:
Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Armenia Today-ին տեղեկացրել էր, որ շատ կարճ ժամանակահատվածում ականատես կլինենք գերիների ևս մեկ խմբի վերադարձի:
Նազելի Բաղդասարյանը, սակայն, գերիների վերադարձի հետ կապված չշտապեց փակագծեր բացել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված հայերի վերադարձի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիշեցնենք նաև, որ վերջերս Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Ավելի վաղ ՀՀ էր վերադարձվել ևս 48 գերի: