2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիսը զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադարձել է վարչապետի երեկվա հայտարարությանը՝ պատերազմի օրերին «Իսկանդերը» կիրառելու և դրա ամբողջական չպայթելու վերաբերյալ:
«Կան մի շարք չափորոշիչներ, օրինակ՝ թիրախի խոցման, շարքից դուրս գալու հավանականությունը, խոցման աստիճանը, շեղման աստիճանը: Ես ինչ իմանամ՝ ինչի մասին է եղել խոսքը՝ վարչապետի խոսքի մեջ: Չեմ կարող մեկնաբանել, քանի որ ես չեմ տիրապետում, թե վարչապետն ինչ նկատի ուներ: Հարցը պետք է ուղղեք կա՛մ իրեն, կա՛մ մասնագետներին: Տեխնիկական փաստաթղթերով իրենք ունեն պարբերաբար ստուգումների կարգ, ռեգլամենտ, որը միշտ կատարվել է, ընդ որում՝ կատարվել է ՀՀ ՌԴ-ից մասնագետներ հրավիրելով»,- հայտարարել է նա:
Զենքի որակի հետ կապված հարցին ի պատասխան՝ Դավթյանը նշել է. «Բոլոր աշխատող սարքերը փչանալու հնարավորություն ունեն՝ ինչ-որ ռեսուրս ծախսելուց հետո: Զորավարժությունների ժամանակ, որ հանում-օգտագործում էինք, ուսուցանում էինք անձնակազմին՝ դա ռեսուրս չի՞, կամ զենքը եթե չի օգտագործվում, նույնպես կարող է փչանալ, կարող է փչանալ անձնակազմի ոչ ճիշտ շահագործման արդյունքում, վթարի արդյունքում և այլն, ամեն ինչ էլ հնարավոր է, որ լինի»:
Երեկ՝ փետրվարի 23-ին Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք հայտարարություններին։
Դիտարկմանը՝ Սերժ Սարգյանն ասում է՝ զարմացած եմ, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել ու հարցին՝ այդ ակնարկը ձե՞զ է հասցեագրված, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց, կարծում եմ, մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:
«Իսկանդերի» վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Իսկանդեր» բալիստիկ հրթիռները չեն աշխատել, վկայում է առնվազն նրա ոչ կոմպետենտ լինելու մասին։ Մարդիկ, որոնք ավելի կոմպետենտ են պատերազմի ու խաղաղության հարցերում, գիտեն, որ սա լավագույն ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ է, 21-րդ դարի զենք է։ «Իսկանդերն» ապացուցել է իր բարձր որակները Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի ու Սիրիայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը:
Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ երբ մարդը մեղավորներ է փնտրում, նա «Իսկանդերների» վրա էլ մեղքը կբարդի։