Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին՝ հիշեցնելով, որ որոշակի խնդիր էր առաջացել մեր ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված: Նա հայտնեց, որ նշանակել է ծառայողական քննություն, որի արդյունքներով մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն:
«Եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ հարցում թերացել են, ապա նրանք անպայման պատասխանատվության կենթարկվեն»,-նշեց վարչապետը և կառավարության անդամների հետ անցավ օրակարգի քննարկմանը:
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էին IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի լուսանկարները, որտեղ ներկայացված էին միայն բուկլետներ, իսկ ցուցանմուշները բացակայում էին:
ՀՀ ԲՏԱ նախարարությունը տեղեկացրել էր, թե ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որ սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվել էր ծառայողական քննություն։