Բանակը չի կարող թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական գործընթացի մեջ։ Բանակը միայն ու միայն պետք է ենթարկվի ժողովրդին, և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը։ Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, ընդդեմ պետության, ընդդեմ ՀՀ անվտանգության։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընտրությունը հետևյալն է՝ Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ ԶՈՒ ԳՇ շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վարվել։ Օնիկ Գասպարյանը ուղղակի թող դիմում գրի, հրաժարական տա ու գնա։ Այս ժողովրդին պետք չէ անընդհատ ցնցումների ենթարկել, պետք չէ, Օնիկ ջան»,-ասաց նա՝ հայտնելով, որ այսօր ՀՀ նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել։
«Ասել եմ, որ ինքը պարզապես իմ ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի։ Եթե Հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանում է պետական հեղաշրջմա՞նը: Շատ պարզ ընտրություն է: Կամ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է՝ կա՛մ նախագահն է ստորագրում հրամանագիրը, կա՛մ ինքն ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին, որովհետև ինքը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ես թույլ չեմ տա դա»,- ասաց նա՝ շեշտելով, որ միշտ հավատացել ենք բանակին։
«Այսօր էլ համոզված եմ, որ թե՛ սպայական կազմը, թե՛ զինվորների ծնողները թույլ չեն տա, որ բանակին ներքաշեն քաղաքական գործընթացի մեջ»,-ասաց նա։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը բոլոր կողմերին ևս մեկ անգամ կոչ արեց կոնսուլտացիաներ անցկացնել, հասկանալ, ինչպես դուրս գալ այս իրավիճակից, որոշել՝ գնալ արտահերթ ընտրությունների, թե ոչ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին ժամը 16։00-ին հրավիրել է Հանրապետության հրապարակ։ Իր հերթին «Հայրենիքի փրկության շարժումը» քաղաքացիներին հրավիրել է Ազատության հրապարակ։
Նշենք նաև, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ԶՈւ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում․