Հայկական կողմը տրամադրված է շարունակական աշխատանքի ՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը։
«Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն կանխորոշում է մշտական, շարունակական աշխատանքը՝ դրանց հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին ադապտացման առումով, որը պայմանավորված է ինչպես ժամանակով, այնպես էլ զարգացումներով, որոնք մենք ունենք տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։ Մենք մտադիր ենք այդ աշխատանքն իրականացնել համաձայնեցված ՝ ելնելով մեր երկրների ժողովուրդների արմատական շահերի ապահովման անհրաժեշտությունից»,- հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով ՝ այդ աշխատանքի համար ամուր հիմք է եղել և լինելու է երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը։
«Այդ աշխատանքը մենք մտադիր ենք իրականացնել մեր մոտ առկա փոխգործակցության միջպետական մեխանիզմների շրջանակներում։ Խոսքը և՛ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, և՛ մեծ հանձնաժողովի և համապատասխան պրոֆիլային կոմիտեների շրջանակներում միջխորհրդարանական երկխոսության մասին է, դա նաև աշխատանք է ռազմատեխնիկական հանձնաժողովի շրջանակներում և այլ ձևաչափերով։ Բնականաբար, այս ամենն առաջ է ընթանալու մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ համակարգող դերակատարությամբ», – նշել է նախարարը։